• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Որոշ հարցեր բեռնափոխադրումների վերաբերյալ

    Կատեգորիա - Նորություններ

               Սկսած անկախացումից 1991 թվականին բեռնափոխադրումը դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս դարձավ խրթին: Առաջնահերթ պատճառը կարելի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը, ապա նաև Իրանի վրա դրված միջազգային սանկցիաները: Այս ամենը հանգեցրեց մի կողմից Հայաստանի բեռնափոխադրումների ծավալի կրճատմանը՝ տնտեսության անկման պատճառով, իսկ մյուս կողմից (որպես հետևանք)՝ բեռնափոխադրման արժեքի աճի: Իսկ դա իր հերթին հանգեցրեց փոխադրման ժամկետի երկարացմանը՝ համեմատած հարևան երկրների հետ, այսպիսով կազմելով փակ շրջան:

     

    Անդրադառնալով ավիափոխադրումներին՝ նշենք, որ դա բեռնափոխադրման ամենաթանկ տեսակն է, բայց ունի մեծ առավելություն՝ բեռնափոխադրման կարճ ժամկետ, որը 1-2 օր է կազմում աշխարհի տարբեր երկրների համար: Հայաստանյան առաքումները կատարվում են մի քանի ավիաուղիների՝ հիմնականում ուղևորային օդանավերով, ինչի պատճառով հաճախ ուշացումներ են տեղի ունենում, քանի որ գերակայությունը մշտապես տրվում է ուղեբեռներին: Բացի դրանից, մի կողմից թռիչքների առկա հաճախականությունը և ուղղությունները չեն կարող բավարարել բեռնափոխադրման պահանջարկը, իսկ մյուս կողմից ուղևորային օդանավերը ծավալուն և վտանգավոր բեռների տեղափոխման սահմանափակումներ ունեն:

     

              Ծովային բեռնափոխադրումներում, որոնք ամենամատչելի բեռնափոխադրման միջոցն են, Հայաստանը սահմանափակված է Վրաստանի Փոթիի և Բաթումիի նավահանգիստներով, քանի դեռ գործում են Իրանի վրա դրված սանկցիաները: Այս նավահանգիստներն ունեն հասանելիության և տարողունակության բնական սահմանափակումներ, հետևաբար ուշացումները սովորական երևույթ են այստեղ: Ավելին. առկա երկաթգծային հաղորդակցությունը (որը սովորաբար համարվում է ամենաէժան ցամաքային փոխադրման միջոց) նշված նավահանգիստների և Երևանի միջև չի կարող էականորեն նվազեցնել բեռնափոխադրման ծախսերը և մոտավորապես համարժեք է բեռնատար ավտոմեքենաներով այլընտրանքային փոխադրումներին:

     

              Բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումը համեմատաբար արդյունավետ է ժամանակի և փոխադրման ժամկետի ցուցանիշներով, մասնավորապես դա այդպես է Յունիտրանս միջազգային բեռնափոխադրող ընկերության փորձի համաձայն: Բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումը սպասարկում է Հայաստանի առևտրային ուղիների մեծ մասը՝ Եվրոպան, ԱՊՀ արևմտյան և կենտրոնական մասերը և Իրանը: Սակայն, հաշվի առելով այս բեռնափոխադրման տեսակի առանձնահատկությունները (վառելիքի համեմատական բարձր սպառումը, կախվածությունը եղանակային պայմաններից, կախվածությունը միջազգային հարաբերությունների և տրանսպորտային կարգավորումների փոփոխություններից և այլն)՝ այն չի կարող համարվել որպես փրկություն:

     

     

    2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, և ԵՏՄ անդամ-երկրների միջև առևտրի աճ է ակնկալվում: Սակայն բեռնափոխադրումները ԵՏՄ-ում, որոնք սպասարկում են առևտուրը, որոշ առումներով փաստացի ավելի են բարդացել՝ ստորև նկարագրվածի համաձայն:

     

    Ուղիղ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև հնարավոր է օդային տրանսպորտով: Սակայն ԵՏՄ-ի օդանավակայանների տարանցումով փոխադրումները դեպի Հայաստան առնվազն 3-5 օրվա ուշացում են ունենում՝ լրացուցիչ թղթաբանության պատճառով՝ ըստ պահանջվող ԵՏՄ տարանցիկ կարգավորման:

     

    Բեռնափոխադրման այլ տեսակը ԵՏՄ-ի և Հայաստանի միջև, անշուշտ, բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումներն են, որոնք տարանցմամբ են կատարվում Վրաստանի տարածքով: Այս նպատակով ԵՏՄ-Վրաստան սահմանին կատարվում է մաքսային տարանցիկ հայտարարագրում: Հայտարարագրերը պատրաստվում են մաքսավորների կողմից, և հաճախ ունենում են սխալմունքներ, որոնք ազդում են Հայաստանում բեռը ստացողների հետագա հարկային հաշվետվությունների վրա:

     

    Ավելին. բեռնատարները պետք է գրանցված լինեն ԵՏՄ անդամ երկրում; ԵՏՄ-ի տարածքում բեռնափոխադրումները ոչ ԵՏՄ մեքենաներով ենթակա են լրացուցիչ վճարների և երբեմն գործնականում դառնում են նույնիսկ անհնար: Դա արհեստականորեն սահմանափակում է ծառայության առաջարկի շուկան, ինչը, ըստ սահմանման, բերում է շուկայի անարդյունավետությանը:

     

    Նաև գործում են վկայագրման ԵՏՄ պահանջները, որոնք շատ ավելի խրթին են, քան Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը նախորդող ժամանակաշրջանում գործող կարգավորումը: Այդ վկայագրերից են Ծագման վկայագրերը, Համապատասխանության վկայագրերը և հայտարարագրերը, Փորձագիտական եզրակացությունները, Անվտանգության վկայագրերը և հայտարարագրերը և այլն: Չնայած այն փաստին, որ դրանք վերաբերում են փոխադրվող բեռին, սակայն դրանք անուղղակիորեն ազդում են բեռնափոխադրման ընթացքի վրա՝ ստեղծելով ռիսկեր և ուշացումներ: Իսկ որքան երկար է բեռնափոխադրման ժամկետը, այնքան մեծ է նաև բեռնափոխադրման արժեքը:

     

    Եվ վերջապես մեկ այլ փաստ. միջազգային բեռնափոխադրումները ԵՏՄ երկրների միջև առաջարկվում են հարկվել ավելացված արժեքով Հայաստանի համար, ինչը բեռնափոխադրման արժեքը կբարձրացնի 20 տոկոսով:

     

     

    Ամփոփելով նշենք, որ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև 2015 թվականին Հայաստանի համար նոր խնդիրներ և դժվարություններ է ստեղծում: Եվ առաջընթացը կարող է հնարավոր լինել պետական մարմինների հետ շարունակական քննարկումների, նոր հնարավորությունների անընդմեջ բացահայտումների և նոր լուծումների իրագործման ընթացքում, որոնք հանգեցնում են բեռնափոխադրման ժամկետի կրճատմանը և բեռնափոխադրման արժեքի զգալի նվազեցմանը:

     

     

    09.07.2015թ.

     

    Հեղինե Արմենյան

    Բիզնեսի զարգացման մենեջեր

    “Յունիտրանս” ՍՊԸ միջազգային բեռնափոխադրող ընկերություն