• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Արջերի օդային փոխադրումը

    Կատեգորիա - Հատուկ իրականացված գործեր, Նորություններ

    Յունիտրանս-ը հայտնի է իր ստանդարտ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումներով: Սակայն որպես կենդանիների ապահովությամբ մտահոգված ընկերություն սիրով արձագանքեց երկու արջերին Բուխարեստ՝ Ռումինիա, փոխադրելու պատվերին:

     

    Եվ չնայած այն բանին, որ Յունիտրանսի համար սա կենդանիների արդեն երրորդ փոխադրումն էր փղերից ու լեմուրներից հետո, այնուամենայնիվ սա առանձնահատուկ բեռնափոխադրում էր և պահանջում էր հատուկ ուշադրություն։

     

    1. Այս բեռնափոխադրման առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ “բեռն” ամեն շաբաթ ավելի էր մեծանում և ծանրանում: Մինչդեռ, ի տարբերություն այլ սովորական բեռների, արջերին քշռելը հեշտ գործ չէ : Այդ պատճառով էլ փոխադրման շուրջ հինգ ամիս տևած նախնական պայմանավորվածություններից հետո պարզվեց, որ արջուկները մոտ 100կգ ավելի են կշռում իրենց սպասված քաշից:

     

    2. Բացի այդ, ընտրված ավիաուղին մինչ այդ փոխադրում էր կատուների և շների նման փոքր կենդանիներին : Այդ պատճառով էլ երկար բանակցություններից և հավաստիացումներից հետո միայն ավիաընկերությունը կարողացավ ընդունել արջերին թռիչքի համար:

     

    3. Մեկ այլ առանձնահատկությունն էլ կայանում էր նրանում, որ, մի կողմից, պահանջվում էր ամենասեղմ տարանցիկ ժամանակը , որպեսզի արջերն ուժասպառ չլինեին: Քանի որ Երևանից Բուխարեստ ուղիղ թռիչք չի գործում, ապա տարանցիկ թռիչք կազմակերպվեց ընդամենը 4 ժամ 10 րոպե սպասելաժանամակով:

     

    Սակայն, մյուս կողմից, այդքան ժամանակը տարանցիկ օդակայանում կարող էր չբավարարել անասնաբուժական հետազոտությունների համար՝ համաձայն ԵՄ ընթացակարգի : Դա մեծ ռիսկ էր հանդիսանում, քանի որ փաստաթղթերի հետ ցանկացած խնդրի առաջացման դեպքում կարող էր ուշացում տեղի ունենալ, և արջերը բաց կթողնեին իրենց հաջորդ թռիչքը դեպի նշանակման օդակայան: Դրա համար անասնաբուժական ստուգման կետից ձեռք էր բերվել նախնական թույլտվություն՝ բեռի փաստաթղթերի համաձայն:

     

    Այսպիսով , այս փոխադրման մեկնման, տարանցիկ և նշանակման բոլոր վայրերում պատասխանատուների ողջ թիմը, այդ թվում նաև ուղարկողի և ավիաընկերության ներկայացուցիչները, պատրաստ էին՝ ամեն մեկն իր տեղում նշված օրն ապահովելու արջերի բեռնափոխադրման սահուն ընթացքը և անհրաժեշտության դեպքում արագ որոշում կայացնելու: Երևանի մաքսային տերմինալի համապատասխան աշխատակիցները նույնպես “ըմբռնումով” վերաբերմունք ցուցաբերեցին այս բեռի նկատմամբ՝ թույլ տալով արջուկներին տերմինալ ժամանել հատուկ նշանակված ժամանակահատվածում, ինչը սովորաբար չի կիրառվում այլ բեռների նկատմամբ:

     

    Տարբեր երկրներում գտվող ողջ թիմի անքուն և լավ կազմակերպված աշխատանքի արդյունքում արջերը բարեհաջող բարձվեցին ինքնաթիռի մեջ Երևանում, ժամանակին անցան տարանցիկ անասնաբուժական բոլոր անհրաժեշտ ստուգումները և անխնդիր տեղափոխվեցին Բուխարեստի օդակայան: Նշանակման օդակայանում ինքնաթիռի ժամանումից հետո դեռ երկուսուկես ժամ չանցած՝ Բուխարեստի աշխատանքային խումբն արդեն ավարտեց մաքսային ձևակերպումները և տերմինալային բեռնամշակման աշխատանքները և բարձեց արջերին հատուկ մեքենայի մեջ:

     

    Եվ այսպես երկու արջուկների բեռնափոխադրումը դարձավ մարդկանց համագործակցության լավ օրինակ հանուն կենդանիների, որոնց վրա մարդը ժամանակին իր ազդեցությունն է ունեցել, իսկ այժմ նրանք կախված են մարդուց: Դա թույլ տվեց մեզ զգալ մեր համագործակցության իրական իմաստը, որի արդյունքում հիմա արջերն ազատ և, հավատանք, որ երջանիկ ապրում են հատուկ արգելոցում: