• +374 10 520268


    unitrans@netsys.am

    Կնճիթավոր բեռնափոխադրում

    Կատեգորիա - Հատուկ իրականացված գործեր ggg

     

    Յունիտրանս ընկերությունը Հայաստանի ամենահին բեռնափոխադրող ընկերություններից է, և այստեղ բեռնափոխադրումն ամենօրյա գործ է: Յունիտրանսը փոխադրում է տարբեր բեռներ՝ սկսած ամենափոքրերից, ինչպիսին է դոնորային արյունով սրվակը Հայաստանից մյուս աշխարհամասում գտնվող քաղցկեղով հիվանդի համար, մինչև ամենամեծերը, ինչպիսին է 187տ գեներատորը, որը տեղափոխվել էր մեկ տեղով օդանավով: Վերջինս գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես աննախադեպ ծանր բեռի փոխադրում օդային ճանապարհով:

     

     

    Սակայն, 2014 թվականի ամենասիրելի փոխադրումները եղել են երկու փղերը: Այս բարեգործական փոխադրումը՝ DHL Վրաստանի և Յունիտրանս ընկերության սերտ համագործակցությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ուղեկցությամբ իրականացվել է գիշերային ժամերին՝ մեղմացնելու ամառվա շոգը և խուսափելու մայրուղիներում ցերեկային ժամերին տիրող աղմուկից և եռուզեռից:

     

     

     

    Առաքման պլանավորման և նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին 2014 թվականի գարնանը: Երկու փոխադրում պիտի լիներ. մեկը՝ “հայկական” Հրանտիկի՝ Երևանից Թբիլիսի, և երկրորդը՝ “վրացական” Հրանտիկ-կրտսերի՝ Թբիլիսիից Երևան: Այդ նպատակի համար 4.5տ քաշով 20-ֆուտանոց բեռնախցիկն ամրացվել էր, կտուրը բարձրացվել և հատուկ կահավորվել էր Երևանի կենդանաբանական այգու կողմից: 12-մետրանոց հատուկ պլատֆորմ-բեռնատար էր նախատեսվել այդ փոխադրման համար, որպեսզի բավարար տեղ հատկացվի փղերի համար ջրով բաքի և ծղոտի համար:

     

     

    Առաքման պլանավորման և նախապատրաստական աշխատանքներից մի քանի ամիս հետո 2014 թվականի հունիսի 12-ին Հրանտիկը ժամանեց Թբիլիսիի կենդանաբանական այգի, իսկ Հրանտիկ-կրտսերը նույն բեռնախցիկով Երևանի կենդանաբանական այգի ժամանեց հունիսի 27-ի վաղ առավոտյան:

     

    Եթե հաշվի առնենք միայն ֆիզիկական քաշը և ծավալը, ապա փղերը կարող էին համարվել սովորական բեռ՝ 6տ և 2տ համապատասխանաբար: Սակայն, լինելով կենդանի կենդանիներ, նրանց վարքը բեռնափոխադրման ընթացքում կարող էր անկանխատեսելի լինել, և հենց դա էր, որ բեռնափոխադրումը ռիսկային էր դարձնում:

     

     

    Փղերը ամրացված էին բեռնախցիկի մեջ այնպես, որ չկարողանային վնասվել բեռնափոխադրման ընթացքում: Հատուկ հմտացած անասնաբույժների և վարժեցնողների մի թիմ կողք կողքի երթևեկել է փղերի հետ: Բեռնատարը ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում, որպեսզի օգնականները ջուր լցնեին փղերի վրա՝ ծարավը հագեցնելու և երկաթե բեռնախցիկի ներսում գերտաքացումից խուսափելու համար:

     

     

    Ճիշտ է, բեռնափոխադրումը դյուրին չէր, բայց այն հագեցած էր նաև բեռնափոխադրողների հոգատարությամբ և սիրով, և փղերը հաջողությամբ փոխանակվեցին երկու կենդանաբանական այգիների միջև:

     

    Բեռնափոխադրումը սովորաբար համարվում է առանց հույզերի և միապաղաղ գործ: Բայց ամեն անգամ, երբ խոսքը գնում է փղերի մասին, Յունիտրանս ընկերության աշխատակիցների դեմքերին հայտնվում է ժպիտ, իսկ աչքերը ջերմ փայլում են…